Մոսկվա-Երևան թռիչքի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել. «դեբոշ»-ին միջամտել են ուղեկցորդուհիները

09:38 • 22.01.13

Մոսկվայից Երևան ուղեւորվող ինքնաթիռում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, միջադեպը գրանցվել է ռուսական S7 ավիաընկերությանը պատկանող  օդանավում:

 

Ականատեսների խոսքով` թռիչքից առաջ երկու  ուղեւորի միջև վիճաբանություն է սկսվել. նրանցից մեկն արձակել է ամրագոտին, կանգնել ու հարվածել է մյուս ուղևորին: Այնուհետև նրանք սկսել են քաշքել միմյանց. օգնության են շտապել ուղեկցորդուհիները: Տղամարդիկ, սակայն, չեն արձագանքել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների` հանդարտվելու կոչերին: Քիչ անց վիճաբանությանը «խառնվել են» մյուս ուղևորները. նրանք պահանջել են «աղմկոտ» հարևանին «հանդարտեցնել» էլկտրաշոկով: «Խուլիգան» ուղևորն ի պատասխան սկսել է  վիրավորել  նրանց: Օդանավի անձնակազմը ստիպված է եղել նրան «բիզնես դաս»-ի ուղևորների համար նախատեսված սրահ տեղափոխել ու մինչեւ վայրէջքը պահել այնտեղ: Ria.ru կայքի հաղորդմամբ` վայրէջքից անմիջապես հետո, հենց ինքնաթիռում հայ ոստիկանները ձերբակալել են «չարագործ» ուղևորին: Ծեծկռտուքի մասնակիցների ազգությունը չի հաղորդվում: