«Անկախության առաջնորդը` անկախ Հայաստանի նախագահ». Պարույր Հայրիկյանի նոր կարգախոսը

12:42 • 22.01.13

Պարույր Հայրիկյանի նախագահական ընտրությունների նոր կարգախոսը՝ «Անկախության առաջնորդը` անկախ Հայաստանի նախագահ», գրվելու է նախագահի նստավայրի ֆոնի վրա և փոխարինելու է «Եկել է պատմական պահը» կարգախոսին, որը գրվելու է Մասիս սարի նկարի ֆոնի վրա: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:


«Ինձ աջակցողները, ում կոչում ենք «Հայրիկյանի գործընկերներ», երեկ Հայաստանով մեկ 20 հազար թռուցիկ են բաժանել, կարգախոսներ, ծրագրային մոտեցումներ, խտասկավառակներ, որտեղ նորօրյա պատմության մոռացվող էջերից շարժանկար է ներկայացված»,- քարոզարշավի առաջին օրը ներկայացրեց Պարույր Հայրիկյանը:


Նախագահի թեկնածուն ասաց, որ ևս մեկ շաբաթով հետաձգում է նախընտրական ծրագրի ներկայացումը, որը նա «ծրագրահենք» է կոչել, քանի որ՝ «Թեկնածուներից մեկը իր համար հիմնադրույթ է դարձրել, մեր կողմից արտահայտված «Մենք պայքարում ենք ոչ թե դեմ, այլ հանուն» միտքը: Մենք կհրապարակենք մեր ծրագրահենքը մեկ շաբաթ անց»,- ասաց Պարույր Հայրիկյանը:


Նախագահի թեկնածուն ասաց, որ իրենք քարոզարշավի ընթացքում դեռ հանդես կգան նորամուծություններով:


«Առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ բոլորի մոտ այնպիսի մտայնություն է, որ նախագահը հերթական ավազակապետն է՝ ինչ ուզի կանի: Եթե մենք ձգտում ենք իրավական երկրի, պետք է կատարենք նաև իրավական փոփոխություններ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:


Բանախոսը կարծում է, որ որոշ թեկնածուներ` խանդավառվելով գործող նախագահի խոստումներից իրենք էլ են խոստումներ տալիս, որոնք ոչ մի կապ չունեն ՀՀ նախագահի իրավասությունների և լիազորությունների հետ:


«Եթե Ս. Սարգսյանը իր ասածներն ի զորու է կյանքի կոչել Կառավարության անդամ և խորհրդարանական իր «գործընկերների» միջոցով, ապա մյուսները (այդ թվում և ես) իրենց ազդարարած ծրագրերը պիտի իրականություն դարձնեն նույն այդ ուժերին հակադրվելու պայմաններում»,- ասաց Պարույր Հայրիկյանը: