Աշխարհի ամենացուրտ գյուղը. Օյմյակոնում ձմռանը միջինը -50 C- է. մարդիկ մշտապես միացված են թողնում մեքենաների շարժիչները

20:57 • 22.01.13

Բրիտանական Dailymail.co.uk կայքն անդրադարձել է երկրագնդի «ցրտի բևեւռ»-ներից մեկին` Յակուտիայի Հանրապետության (Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ) Օյմյակոն գյուղին:

 

Պարբերականը գյուղը բնութագրում է որպես աշխարհի` մշտապես բնակեցված ամենացուրտ շրջան: «Եթե դուք կարծում եք, որ այնտեղ, որտեղ դուք այժմ ապրում եք, ցուրտ է, այցելեք ռուսական Օյմյակոն գյուղ ու կփոխեք ձեր կարծիքը»,- գրում է հոդվածագիրը, որն անձամբ է զգացել Օմյակոնի ձյուն-ձմեռը:

 

Գյուղն ունի մոտ 500 բնակիչ (շրջանը բնակեցված է խորհրդային տարիներից) ձմռանն օդի միջին ջերմաստիճանը -50 C- է, ձմեռվա ամենացածր ջերմաստիճանն էլ գրանցվել է 1924-ին` -71 C: Գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 741 մետր բարձրության վրա: Ամառներն այստեղ կարճ են( գիշերվա միջին ջերմաստիճանը` 15-20 աստիճան)

Բնակիչները հիմնականում զբաղվում են եղջերվաբուծությամբ ու ձիաբուծությամբ: Օյմյակոնցիները ձմռան ամիսներին մեքենաների շարժիչները չեն անջատում, որ չսառչի: Գյուղի միակ դպրոցը փակվում է միայն մի դեպքում. երբ օդի ջերմաստիճանը նվազում է -52 աստիճանից:

Կայքի հաղորդմամբ` սառնամանիքից սառչում են գրիչների թանաքը, մարտկոցները ( հնարավոր չի լինում օգտվել բջջային հեռախոսից), ակնոցներն էլ սառչում-կպչում են մարդկանց դեմքերին: Իսկ երբ գյուղում ինչ-որ մեկը մահանում է, երեք օր է պահանջվում գերեզմանը փորելու համար, քանի որ հողը շատ սառած է լինում: