Տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքի շնորհանդեսը
Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն պաշտոնական կայք ունի՝ www.raffi4president.am, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացնելով կայքը՝ ասաց, որ այս քարոզարշավի ժամանակ մեծ տեղ են տվել նաև համացանցին։
Կայքն ունի հինգ բաժին, որոնց թվում խոսնակն առանձնացրեց կենսագրության և նախընտրական ծրագրի բաժինները, ինչպես նաև նշեց, որ կայքում նաև հղումների հնարավորություն կա։
Վերջինիս տեղեկացմամբ՝ թեկնածուի Facebook-յան պաշտոնական էջն երեք օր առաջ է բացվել, և արդեն մոտ 6000 օգտատեր հավանել է այն, 300000–ից ավել էլ այցելուներ են եղել։
«Հարյուրավոր նամակներ են ստացվում, որոնց բովանդակության մեջ հարցերը քիչ են, հիմնականում բարեմաղթանքներ են»,– կայքի շնորհանդեսի ժամանակ ասաց Հովսեփ Խուրշուդյանը և վստահեցրեց, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում կայքն անխափան կգործի։
Նշենք, որ նախագահի թեկնածուներից իրենց ինտերնետային անձնական կայքերն ունեն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ www.hayrikyan.com, «Ռադիո Հայ»–ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը՝ www.andrias.am, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը՝ www.bagratyanpresident.am և գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ serzhsargsyan.am։










