Մենք կպատերազմենք մինչև հաղթական ավարտը. Սիրիայի պաշտպանության նախարար
Սիրիայի բանակը պատերազմելու է ահաբեկչության դեմ, մինչև հաղթական ավարտը. այս մասին երեկ հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Ֆահն Ջասել ալ-Ֆրեջը։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, նախարարը հավաստիացրել է, որ զինծառայողների մարտական ոգին շատ բարձր է, սիրիացի զինվորներն ու սպաները վճռական են՝ ազատագրելու հայրենիքը բանդիտական խմբերից։
«Մեր զորքերը հակառակորդին հետևելու են ամենուրեք, քանի դեռ չեն հասել նպատակին և չեն խափանել Սիրիայի դեմ դավադրությունը»,-ասել է նա։
Սիրիացի սահմանապահները գիշերը ռազմական գործողություններ են իրականացրել Թուրքիայի հետ սահմանամերձ Նաբաա ալ-Մուր բնակավայրի մոտակայքում, որը գտնվում է Լաթաքիա նավահանգստից հարավ՝ Քեսաբի մոտակայքում։
Ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչ-վարձկաններ, ովքեր դիվերսիա էին նախաձեռնել երկրի ներսում։ Պարզվել է, որ սպանված զինյալ ծայրահեղականները «Հավատի մարտիկներ» խմբավորման անդամներ են եղել։
Երեկ պայթյուն է տեղի ունեցել Հոմսի մոտակայքում գտնվող Սալմիա քաղաքում։ Ինչպես տեղեկացրել է Սիրիայի կառավարական ՍԱՆԱ գործակալությունը, զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։










