Հեյդարը կզրկվի պատվանդանից. Մեխիկոյի իշխանությունները որոշել են ապամոնտաժել Ալիեւի արձանը

14:27 • 23.01.13

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները վերջնականապես որոշել են ապամոնտաժել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան washingtonpost.com կայքը, Մեխիկոյի քաղաքապետ Միգել Մանսերան երեկ հայտարարել է, որ Ալիեւ-ավագի արձանը հանվելու է մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգուց ու «այլ վայր է» տեղափոխվելու: «Թե ուր կտեղափոխվի այն, պարզի կլինի այս շաբաթվա ընթացքում»,-հայտարարել է քաղաքապետը:

 

Ալիեւ-ավագի բրոնզաձույլ արձանը Reforma զբոսայգում տեղադրվել էր ամիսներ առաջ. Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատունը համաձայնելով 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ վերանորոգման աշխատանքներ իրականացնել զբոսայգում` իրավունք էր ստացել այնտեղ տեղադրել Հեյդարի արձանը:

 

Ադրբեջանի 3-րդ նախագահի արձանն առաջացրել էր իրավապաշտպանների ու Մեխիկոյի բնակիչների զայրույթը. նրանք դժգոհ էին, որ մայրաքաղաքի կենտրոնում Մահաթմա Գանդիի (Հնդկաստանի քաղաքական, հոգեւոր առաջնորդ, 1869-1948թթ.),  Միացյալ Նահանգների նախկին նախագահ Աբրահամ Լինկոլնի(1809-1865թթ.) արձանների կողքին խոյանում է բռնապետ Ալիեւի արձանը:

 

Քաղաքապետարանը որոշել էր հանձնաժողով ստեղծել` բողոքներն ու դժգոհությունները քննելու համար: Երեք գրողից ու մեկ վերլուծաբանից բաղկացած հանձնաժողովը նոյեմբերին քաղաքային իշխանություններին առաջարկել էր ապամոնտաժել արձանը` նշելով, որ իշխանությունները սխալ են գործել «գումարի դիմաց թույլ տալով, որ օտարերկրյա կառավարությունը որոշի, թե ում արձանը պետք է խոյանա մայրաքաղաքի կենտրոնում»: 

 

Քաղաքապետ Մանսերան հավելել է, որ ապամոնտաժման որոշումն ընդունվել է` հաշվի առնելով հանձնաժողովի եզրակացությունը ու բնակիչների և իրավապաշտպանների դժգոհությունները:

Հավելենք, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ արձանի ապամոնտաժման դեպքում  խզելու է դիվանագիտական հարաբերությունները Մեքսիկայի հետ ու կասեցնելու է ներդրումային բոլոր ծրագրերը: