Մեծ Բրիտանիայում 5-ամյա աղջկան վիրահատել են 321-րդ անգամ

12:59 • 23.01.13

Մեծ Բրիտանիայի 5-ամյա բնակչուհի Թիլի Սոուֆորդը, չնայած իր վաղ տարիքին, արդեն 321 վիրահատություն է տարել, որից 300-ն արվել է մաշկի փոխպատվաստման համար։

 

Ինչպես նշում է Life News-ը՝ հղում անելով Daily Mail-ին, 15 ամսականում փոքրիկն ընկել է եռման ջրի մեջ և սարսափելի այրվածքներ ստացել։ Միջադեպի հետևանքով չի վնասվել միայն երեխայի դեմքը։

 

Բժիշկներն աղջկա ողջ մնալու շանսերը գնահատել են ընդամենը 5 %: Չնայած մասնագետների հոռետեսական կանխատեսումներին, փոքրիկը հաղթահարել է դժվարություններն ու տարել 321-րդ վիրահատությունը, որի ընթացքում օգտագործվել են շնաձկան աճառներ և կովի կոլլագեն։

 

Այժմ Թիլին սովորում է քայլել, որպեսզի հետո դպրոց գնա։ Բժիշկները խոստովանել են, որ դա եղել է ամենածանր դեպքն ու անհավանական ապաքինումն իրենց պրակտիկայում։