Դեդ Հասանի սպանության գործում «սլավոնական հետք» է ի հայտ եկել. հնարավոր է՝ դա Յապոնչիկի մահվան վրեժն է

09:30 • 23.01.13

Մոսկվայի կենտրոնում օրեր առաջ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունը հետաքննող իրավապահները չեն բացառում, որ «օրենքով գողի» սպանությունը կարող է Վյաչեսլավ Իվանկովի՝ Յապոնչիկի մահվան վրեժը լինել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով «Известия»-ին։

 

Վարկածներից մեկի համաձայն՝ սպանությունը կազմակերպել են ազդեցիկ «օրենքով գողերը»՝ Ալեքսեյ Սուվորովի՝ Պետրիկի գլխավորությամբ։ Այդ կերպ Պետրիկը կարող էր վրեժ լուծել 2009թ. սպանված «օրենքով գող» Յապոնչիկի մահվան համար։ Ըստ թերթի՝ որոշ քրեական տարրեր կարծում էին, որ Իվանկովի սպանության ետևում կարող է կանգնած լինել Դեդ Հասանը։

 

«Известия»-ի հետ զրույցում իրավապահները նշել են, որ այս աղմկահարույց սպանության մեջ աչքի է ընկնում մեկ հանգամանք. ռուս «օրենքով գողերը» փաստացի արհամարհեցին նրա մահը՝  ներկա չլինելով ինչպես հոգեհանգստի, այնպես էլ հուղարկավորության արարողությանը։

Որոշ տվյալների համաձայն՝ նման «արգելք» են դրել 4 ազդեցիկ գողեր՝ Ալեքսեյ Սուվորովը՝ Պետրիկը, Յուրի Եսինը՝ Սամոսվալը, Ալեքսեյ Զաբավինը՝ Զաբավան, Սերգեյ Ակսենովը՝ Ակսենը։

 

Թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեռ 2009թ.-ին Յապոնչիկի դագաղի մոտ Պետրիկը խոստացել է գտնել սպանության պատվիրատուին ու կրակել ուղիղ որովայնին, ինչպես սպանել էին Յապոնչիկին։ Եվ մեկ տարի անց դիպուկահարը կրակել էր Դեդ Հասանի որովայնին, սակայն վերջինս ողջ էր մնացել։

 

Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը սպանվել էր հունվարի 16-ին, Մոսկվայի կենտրոնում գտնվող «Կարետնի դվոր» ռեստորանից դուրս գալիս։