Մակեյանը չի մեկնաբանում իր հրաժարականը պահանջող կուսակցականների հայտարարությունը և հրավիրում քաղխորհրդի նիստի

11:29 • 23.01.13

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի պատրաստվում մեկնաբանել ԺՀԿ փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի և կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի երեկ տարածած համատեղ հայտարարությունը, որում նրանք նշել են, որ որոշ հանգամանքներով պայմանավորված, Մակեյանը բարոյական իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը։ «Ես չեմ պատրաստվում որևէ բան մեկնաբանել: Ասելիք ունե՞ն, թող գան, քաղխորհրդին ասեն, իրենց ասելիքըը լսի, որոշում ընդունի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը: 
Ըստ վերջինիս՝ կուսակցությունը ամիսը մեկ անգամ հրավիրում է քաղխորհրդի նիստերն և դրանցից հերթականն առաջիկայում կլինի:
 


Հիշեցնենք, որ երեկ տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր. «Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Պետրոս Մակեյանի համար օրը բացվում է ԺՀԿ կուսակցության 14 տարվա ղեկավարի իր պաշտոնը կորցնելու մտքից սարսափած։ Հենց այդ պատճառով է նա հայտնվում տարբեր լրատվամիջոցներում՝ իրականությունը խեղաթյուրող անհիմն «քննադատություններով», «մեկնաբանություններով» ու «հայտարարություններով»։ Պետրոս Մակեյանը խուսափել և խորամանկորեն վիժեցրել է ԺՀԿ նախօրոք պայմանավորված քաղխորհրդի դեկտեմբերի 31-ի հավաքը և հունվարի 19-ի նիստը, որտեղ պետք է բացատրություններ տար իր գործողությունների համար։ Դրանց փոխարեն իր նախաձեռնությամբ հրավիրել է քաղխորհրդի արտահերթ նիստ քաղխորհրդի անդամների մի մասի համար անհարմար կիրակի օրը՝ հունվարի 13-ին»:


Պետրոս Մակեյանը ձեռնպահ չմնաց միայն մեկ մեկնաբանությունից՝ կապված Ղուկաս Մեհրաբյանի և կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի՝ կուսակցության հիմնադիր անդամ լինելու հանգամանքի հետ, ինչի մասին նշված էր հայտարարության վերջում: «Դա կեղծիք է, ԺՀԿ հիմնադիր անդամները եղել են «Հայրենիք» պատգամավորական տասը հոգանոց խմբի անդամները: Իրենց հարցրե՛ք, իրենք եղե՞լ են պատգամավոր»,- ասաց նա:


Մակեյանի հավաստմամբ՝ «Հայրենիք» պատգամավորական խումբը գործել է առաջին գումարման ԱԺ-ում՝ 1995-1999թթ. և նրա կազմում եղել են Էդվարդ Եգորյանը, Գագիկ Ներսիսյանը, Արմեն Կիրակոսյանը, Ալեքսան Ավետիսյանը, Սոս Գիմիշյանը , Պետրոս Մակեյանը, Արմենակ Մկրտչյանը, Այդին Մորիկյանը, Վանաձորի նախկին քաղաքապետը, ում անունը Պետրոս Մակեյանը չէր հիշում և Էդիկ Սարգսյանը:


Հիշեցնենք նաև, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ կուսակցության նախագահի և փոխնախագահի այս տարաձայնությունները պայմանավորված են նրանով, որ Ղուկաս Մեհրաբյանը գտնվում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի ազդեցության ներքո, իսկ Պետրոս Մակեյանն էլ ՀԱԿ-ին առաջարկելով առողջացման ծրագիր՝ բարձրացնում է Լ. Զուրաբյանի հրաժարականի հարցը: