Մասիսում 20-ամյա երիտասարդը ծեծել է 55-ամյա կնոջը և, կարծելով, թե մահացել է, թողել դաշտում

15:11 • 23.01.13

Ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 21-ին՝ ժամը 22.50-ին, Արբաթ գյուղի դաշտերում ծեծի են ենթարկել 1958թ. ծնված Հայկանուշ Ն.-ին, որը «գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:


Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ ըստ բժշկի տեղեկանքի, Հայկանուշ Ն.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:


Ոստիկանության Մասիսի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկանուշ Ն.-ին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել է 1993 թ. ծնված Թովմաս Վ.-ն:


Վերջինս հունվարի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ազատաշեն-Արբաթ ճանապարհի դաշտում ուրագով հարվածներ է հասցրել Հայկանուշ Ն.-ի գլխին, փորձել ձեռքերով շնչահեղձ անել նրան, սակայն վերջինս ուշագնաց է եղել և Թովմաս Վ.-ն, մտածելով, որ Հայկանուշ Ն.-ն մահացել է, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և նրան թողնելով` հեռացել է:


Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Թովմաս Վ.-ն ունի առողջական խնդիրներ, ունենում է հոգեկան ցնցումներ, ներկայումս գտնվելով հոգեմետ դեղորայքի ազդեցության տակ, ի վիճակի չի քննչական գործողություններին մասնակցելու և Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ուղեգրով` տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց:


Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: