Ամերիկացին սպառնացել է սպանել Բարաք Օբամային և նրա շանը՝ բանտում հայտնվելու համար

15:46 • 23.01.13

Ամերիկացի անօթևանը նախագահի և նրա ընտանիքի դեմ հարձակում է ծրագրել այն բանից հետո, երբ նրան վտարել են հոսպիտալից բժշկական ապահովագրություն չունենալու պատճառով, հայտնում է Russia Today-ը։

Սպիտակ տուն ռումբ ուղարկելը և բանտում հայտնվելը միակ ելքն է եղել 57-ամյա Սթիվեն Էսպալինի համար։

 

Ֆլորիդացին, ով տառապում է կրծքի հատվածում ցավերից, պլան է մշակել բուժօգնություն ստանալու համար։ Նա հաղորդել է իշխանություններին, որ Բարաք Օբամայի նստավայր ռումբ է ուղարկել, որը նախատեսված է նախագահի, նրա կնոջ, երկու աղջիկների և նրանց շան՝ Բոյի համար։ Սակայն Սպիտակ տանը պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։


«Ես չէի պատրաստվում վնաս հասցնել նախագահին։ Ես հայտարարել էի ահաբեկչության մասին՝ հասկանալով, որ իմ ետևից կգան և հոգ կտանեն»,- ասել է Էսպալինը։


Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման և արդյունքում ստացել այն, ինչ ցանկանում էր՝ անհրաժեշտ բժշկական սպասարկում։ Բանտում նա ունի հաշմանդամի աթոռ, անցնում է քիմիաթերապիա և, ամենայն հավանականությամբ, նրան սրտի վիրահատություն է սպասվում։