ՌԴ ԱԻՆ ինքնաթիռները Սիրիայից դուրս գալ ցանկացող ռուսաստանցիներին տարհանել են երկրից
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռ տեղափոխել են Սիրիան լքել ցանկացող ռուսներին և առավոտյան վայրէջք կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Як-42 ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Բեյրութից»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Դրանով Սիրիայից Ռուսաստան է վերադարձել 28 մարդ։ Ավելի ուշ վայրէջք է կատարել Ил-76 ինքնաթիռը, որով Մոսկվա է տեղափոխվել 49 ռուս։
Ընդհանուր առմամբ, Դամասկոսի դեսպանատան ցուցակում կա 81 մարդ, ովքեր ցանկանում են վերադառնալ Ռուսաստան։
«Դոմոդեդովո» օդանավակայանում Սիրիայից վերադարձողների համար ստեղծվել են բուժօգնության և հոգեբանական օգնության կետեր։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Ռուսաստանը չի պատրաստվում Սիրիայից զանգվածաբար տարհանել ՌԴ քաղաքացիներին։
Ռուսաստանի ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռները Բեյրութից Մոսկվա կարող են տեղափոխել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների քաղաքացիներին։
Ռուսաստան վերադառնալ ցանկացողների թվում են ռուս կանայք, ովքեր ամուսնացած են սիրիացիների հետ, նրանց երեխաները, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստացել։
Նրանք Սիրիայի տարբեր քաղաքների՝ Դամասկոսի, Հալեպի, Համայի, Հոմսի բնակիչներ են։ Ընդհանուր առմամբ, դեսպանատանը հաշվառված է 8.008 մարդ, սակայն դիվանագետների տվյալներով՝ երկրում բնակվում է շուրջ 25.000 ռուս կին, ովքեր սիրիացիների հետ են ամուսնացած։










