ՄԱԿ-ում կոչ են անում գնել «տձև» և անհրապույր տեսքով մրգերն ու բանջարեղենը

00:26 • 23.01.13

Գնորդները պետք է առավել շատ ուշադրության արժանացնեն «տձև» և անհրապույր պտուղ-բանջարեղենին, որոնք այլ պարագայում աղբամանում կարող են հայտնվել, հաղորդում է Agence France-Presse-ը` հղում կատարելով ՄԱԿ-ի հովանու ներքո գործող FAO և UNEP կազմակերպությունների նոր ծրագրի շնորհանդեսին:


Ծրագիրը կոչվում է «Մտածիր-Կեր-Պահպանիր, Ավելի քիչ սննդային հետք թող» (Think-Eat-Save Reduce Your Foodprint, որտեղ Foodprint-ը բառախաղի է ենթարկված` footprint-ոտնահետք և food` սնունդ բառերով):

Այն ուղղված է ոչնչացվող և աղբամաններում հայտնվող սննդի քանակը կրճատելուն:


Ավելի վաղ, բրիտանական The Institution of Mechanical Engineers կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, աշխարհում արտադրվող սննդի 30-50%-ը ոչնչացվում կամ դեն է նետվում չպահանջված լինելու պատճառով: Միևնույն ժամանակ դրանք արտադրելու համար տարեկան 550 մլն խորանարդ մետր ջուր է վատնվում:


ՄԱԿ-ը հայտարարում է, որ սննդի ոչնչացումը վնասակար է ինչպես տնտեսական, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության տեսակետից:


Բացի այդ, դա բարբարոսություն է, քանի որ աշխարհի շատ երկրներում մարդիկ քաղցած են, իսկ մյուսներում սնունդը դեն է նետվում:


«Անպետք» համարված սննդամթերքը FAO-ն և UNEP-ը գնահատում են 1 տրիլիոն ԱՄՆ դոլար:


Իրավիճակը մեղմելու համար ՄԱԿ-ը խորհուրդ է տալիս գնորդների ցանկ կազմել նախքան սնունդը խանութ ուղարկելը, խուսափել չմտածված գնումներից և չենթարկվել գովազդի աղդեցությանը, որը ստիպում է ավելի շատ գնել, քան իրականում պետք է:


Առանձնակի ուշադրություն է հրավիրվում «տձև» կամ անհրապույր տեսք ունեցող մրգերի և բանջարեղենի հարցին: Դրանք «գեղեցիկների» համեմատ չեն սպառվում, քանի որ տարօրինակ տեսք և ձև ունեն, սակայն, միևնույն ժամանակ, նույնքան համեղ և օգտակար են, որքան «ճիշտ տեսքով» մթերքը: