Ադրբեջանցիներն ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում ԼՂ հարցի վերաբերյալ հանրագիր են տեղադրել

16:30 • 29.01.13

Միացյալ Նահանգների Սպիտակ տան կայքում ադրբեջանցիները հանրագիր են զետեղել: Ադրբեջանական Haqqin.az կայքի հաղորդմամբ`  կոլեկտիվ դիմումի տեքստը վերցված է Հեյդար Ալիեւի հիմնադրամի կայքից (հիմնադարմի նախագահն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է):

 

«ԼՂ հակամարտության հետեւանքով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը` Լեռնային Ղարաբաղը եւ հարակից 7 շրջաններն օկուպացվեցին հայկական զինված ուժերի կողմից: Մեկ միլիոնից ավելի ադրբեջանցի փախստական ու հարկադիր տեղահանված դարձավ: ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 4 բանաձեւ (№ 822, 853, 874, 884), որոնք պահանջում են հայկական զորքերը դուրս բերել ադրբեջանական  տարածքներից, հայկական կողմը, սակայն, չի կատարում բանաձեւի պահանջները»,- ասված է  Հեյդար Ալիեւի հիմնադրամի կայքից վերցված տեքստում:

 

Ինչպես տեղեկանում ենք, Սպիտակ տան կայքից, ադրբեջանցիները հանրագրում ԱՄՆ-ից` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, պահանջում են «ակտիվացնել ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը»:

 

Haqqin.az կայքի հաղորդմամբ` եթե մինչեւ փետրվարի 22-ը հանրագիրը 100 հազար ձայն հավաքի, ապա, ամերիկյան օրենսդրության համաձայն, ադրբեջանցիների դիմումը կարող է ընդգրկվել ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի` Կոնգրեսի օրակարգում:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան կայքում (նույն` We the People-«Մենք` ժողովուրդը» բաժնում) զետեղվել էր մեկ այլ հանրագիր, որում Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում բացել  հայ-թուրքական սահմանը` գոնե Սիրիայից Հայաստան գաղթող հայերի համար: