Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամն է. ստորագրվեց ՀՀ-ում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման մասին հուշագիր
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի միջև այսօր երկու համաձայնագիր ստորագրվեց։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին ԱԻՆ ոլորտում հումանիտար համագործակցության ֆոնդ սահմանելու փաստաթուղթ և ստորագրվեց նաև համաձայնագիր, ըստ որի՝ Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա կբացվի։
Լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ այցի շրջանակներում պատվիրակության կազմում ՀԱՊԿ-ից և ռազմա-տնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովից մոտ 40 բարձրաստիճան պաշտոնյաներ կան, ովքեր ՀԱՊԿ-Հայաստան միջոցառումների շրջանակներում կքննարկեն ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հարցեր:
«Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամն է, միշտ հետաքրքիր առաջարկներով է հանդես գալիս, որն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի անվտանգությունը բարձր մակարդակի հասցնելուն»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա նշեց, որ ակադեմիան դիտարկվում է որպես լուրջ կադրերի, քաղաքագետների պատրաստման վայր, ովքեր հետագայում կզբաղվեն կոլեկտիվ անվտանգության հարցերով։ Նա հավելեց, որ կենտրոնում կուրսեր կանցնեն նաև եվրոպական պետությունների ներկայացուցիչները։
ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին կարևորեց ակադեմիայի դերը տարածաշրջանում և ընդգծեց, որ կադրերի պատրաստման վերլուծական կենտրոնը գտնվելու է հենց Երևանում։
«Կարևոր է նաև, որ ավարտվել են հայ-ռուսական տեխնիկական պայմանագրի աշխատանքները, և ՀԱՊԿ նախագահների որոշմամբ ստեղծվել են ՀԱՊԿ զորամիավորումներ, որոնք հնարավորություն կտան մեր Զինված ուժերին ավելի կատարելագործվել»,- ասաց ԱԱԽ քարտուղարը։
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ արդեն ՀՀ կառավարությունը համապատասխան որոշումը կայացրել է հիմնադրման մասին, այժմ արդեն կազմակերպչական խնդիրներն են ընթանում և տեղեկացրեց, որ այն, հավանաբար, կգործի այս տարվանից։ «Մի քանի ամսվա խնդիր է։ Արդեն քարտուղարությունից մասնագետներ են եկել, փաստաթղթերի վրա աշխատել են»,–եզրափակեց նա։










