ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լուրջ չի ընդունում քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու մասին Ադրբեջանի օրենքը

12:58 • 29.01.13

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց, որ ծանոթ է քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու մասին Ադրբեջանի ընդունած օրենքին, սակայն լուրջ չի վերաբերվում դրան և չի կարծում, որ այսօր որևէ պետություն իրեն թույլ կտա նման բան։


«Դա կամ մտքերի ոչ ճիշտ ձևակերպում է, կամ էլ ոչ հաջող կատակ, որովհետև ես Ադրբեջանին դիտարկում եմ որպես քաղաքակիրթ պետություն»,– ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։


Հիշեցնենք, որ Ադրբեջանն այդ օրենքն ընդունել է այս տարվա հունվարին։ Նախկինում ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ չեն հանդուրժի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը՝ այն համարելով Ադրբեջանի օդային տարածքի ապօրինի օգտագործում։


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ խիստ կասկածում է, որ Ադրբեջանի ղեկավարությունն այն էլ նման ժամանակներում մտածված կհրամայի հարվածել քաղաքացիական ինքնաթիռների։


«Նման բան պատմության մեջ եղել է և մենք հիշում ենք նման ողբերգություն Հեռավոր Արևելքում և հիշում ենք միջազգային հանրության ռեակցիան այդ դեպքի հետ կապված։ Ես չեմ կարծում, որ այսօր մի պետություն իրեն թույլ կտա, իրականում ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռ։ Ես դրան լուրջ չեմ վերաբերվում»,– ընդգծեց նա։


Ադրբեջանի ընդունած նոր օրենքի համաձայն՝ սահմանվում է 13,5/25 կմ լայնությամբ սահմանային շերտ, որը կօգտագործվի հատուկ ռեժիմով: Բացի այդ՝ Ադրբեջանի օդային տարածքում արգելված գոտիներ և սահմանափակ գոտիներ են առանձնացվում: Ընդ որում՝ այդպիսին տեսականորեն կարող է ճանաչվել ցանկացած հատված, եթե Պետական քաղաքացիական օդագնացության վարչությունը համապատասխան որոշում ընդունի: