Ադրբեջանի որոշ «զոռբայություններ» ԵԽԽՎ-ում, կարծես, սկսել են ներվել. Դավիթ Հարությունյան

15:19 • 29.01.13

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) գնալով դառնում է ավելի ու ավելի տարօրինակ կազմակերպություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի պատվիրակության որոշ կամայականություններ, կարծես, սկսել են ներվել այս կառույցում։


«Ադրբեջանի որոշակի «զոռբայություններ», կարծես թե, սկսել են ներվել, օրինակ՝ ԵԽԽՎ զեկուցողի մուտքը թույլ չի տրվում Ադրբեջան և դա ներվեց, նախկինում նման վերաբերմունք կար զեկուցողներից մեկի նկատմամբ և նա հրաժարվեց, նման երևույթները քանի գնում շատ են դառնում, հատկապես Ադրբեջանի կողմից և, ցավոք սրտի, կազմակերպությունը ներողամտորեն է վերաբերվում»,– ասաց նա։


Դավիթ Հարությունյանի համար զարմանալի էր, որ Սաֆարովի գործը չէր ներառվել զեկույցում։ «Ուշադրություն դարձրեք Սաֆարովի հետ կապված հարցին, որի շուրջ որոշակի դժվարությամբ հասանք նրան, որ ԵԽԽՎ –ում անցկացվեցին ընթացիկ հարցի լսումներ»,– նշեց նա։


«Ենթադրում ենք, որ այդ լսումները եղել են մի քանի ամիս առաջ, և դա պետք է արտացոլվեր զեկույցում, որտեղ խոսվում է ժողովրդավարական ձեռքբերումների մասին։ Բայց կտեսնենք ընդամենը մեկ տող, որ ԵԽԽՎ Սաֆարովի գործում անցկացրել է լսումներ, իսկ թե ի՞նչ Սաֆարով, ի՞նչ գործ, որևէ բան նշված չի լինի»,– ասաց նա և ավելացրեց, որ նման երևույթները քանի գնում, ավելի հաճախակի են դառնում, իսկ ԵԽ–ն ներողամտորեն է վերբերվում դրանց։


ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը Վեհաժողովի քննարկմանն է ներկայացրել իր հեղինակած` «Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով հաջորդական միջոցներ» զեկույցը, որը, Դավիթ Հարությունյանի խոսքով, արձագանքի չի արժանացել։


«Քրիստոֆ Շտրասերը նման հայտարարություն էր ներկայացնել, բայց որևէ մեղադրանք չեն ստացել ԵԽԽՎ–ի կողմից, ինչը, այո՛, անխուսափելիորն կազդի կազմակերպության վարկանիշի վրա»,– եզրափակեց նա։