Վրաստանի ԱԳՆ հայտարարում է, որ երկրի` ԱՊՀ վերադառնալու մասին բանակցություններ չեն ընթանում

20:11 • 29.01.13

Վրաստանի` ԱՊՀ վերադառնալու շուրջ բանակցություններ չեն ընթանում, այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիդ Զալկալիանին, հաղորդում է Новости-Грузия պարբերականը:

 

Երեքշաբթի Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխաիլ Եվդոկիմովը Մինսկում հայտարարել էր, որ Վրաստանի ներկայացուցիչներն իրենք պետք է որոշում կայացնեն ԱՊՀ վերադառնալու մասին: Եվդոկիմովը նշել է, որ Վրաստանի ղեկավարության հետ արդեն շփումներ են սկսվել այդ հարցով:


«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ բանակցություն ռուսական կողմի հետ Վրաստանի ԱՊՀ վերադառնալու մասին չի տարվում: Այնպես որ տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Մենք մեկ անգամ չէ, որ հաստատել ենք մեր արտաքին քաղաքական ուղին` դա Եվրոպական միությունն է և ՆԱՏՕ-ն», - հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի դիվանագետը:


Հիշեցնենք, որ Վրաստանի՝ ԱՊՀ կազմից դուրս գալու մասին հայտարարել էր երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո: