«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծողները Եգիպտոսում դատապարտվել են մահվան

15:58 • 29.01.13

Կահիրեի քրեական դատարանը հաստատել է ավելի վաղ ընդունված դատավճիռը, որի համաձայն՝ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմին առնչություն ունեցած 7 քրիստոնյա ղպտիները դատապարտվել էին մահվան, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դատարանի ներկայացուցչի հայտարարությունը:

 

Ֆիլմի հետ կապված 8-րդ մարդը՝ ամերիկացի հոգևորական Թերի Ջոնսը, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:

Վերջնական դատավճիռը կայացվել է Եգիպտոսի գերագույն մուֆթիի համաձայնությունը ստանալուց հետո: Հենց նա է իրավասու հաստատել բոլոր դատարանների մահապատժի դատավճիռները:

Ղպտիներին որոշվել է մահապատժի ենթարկել կախելու միջոցով։ Վճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ նշված բոլոր անձինք ԱՄՆ-ի տարածքում են:

 

2012-ի ամռանը համացանցում տարածվել էր ԱՄՆ արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, որը հակաիսլամական էր հռչակվել և մեծ վրդովմունք առաջացրել մի շարք մուսուլմանական երկրներում: