Սիրիացի փախստականների թիվը հատել է 700.000-ի սահմանը.ՄԱԿ
Սիրիայում կառավարական և հակակառավարական ուժերի արդեն շուրջ 2 տարի շարունակվող հակամարտության արդյունքում Սիրիացի փախստականների թիվը հատել է 700.000-ի սահմանը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին տեղեկություն է տարածել ՄԱԿ-ը։
«Մենք հետևում ենք սիրիացի փախստականների հոսքին՝ բոլոր սահմաններից։ Մենք աշխատում ենք երկու հերթով, որպեսզի գրանցենք մարդկանց»,-ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Սիբելլա Ուիլքսը։
ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ Հորդանանում այս պահին կա 219.000 սիրիացի փախստական։ Ավելի քան 226.000 մարդ ապաստան է ստացել Լիբանանում, Թուրքիայում նրանց թիվը 165.000 է, Իրաքում՝ 77.500, Եգիպտոսում՝ 14.000։
Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011թ.-ի մարտից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 60.000 մարդ։
Երկրի իշխանությունները հայտարարում են, որ գործ ունեն լավ զինված զինյալների հետ, ովքեր աջակցություն են ստանում դրսից։
Սիրիացի փախստականների թվի մասին վերջին հայտարարությունը ՄԱԿ-ն արել էր հունվարի 8-ին և տեղեկացրել 600.000 փախստականների մասին։










