Թաթարստանի դպրոցներից մեկում հրդեհի հետևանքով չորս երեխա է տուժել
Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքի դպրոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 4 աշակերտ է տուժել, հայտնում է lifenews.ru-ն։
Հրդեհը բռնկվել է եռահարկ կրթօջախի հանդերձարանում։ Տարհանվել է 877 մարդ։
Ինչպես պատմել են ականատեսները, դպրոցում հնչել է հակահրդեհային ազդանշանը։ Աշակերտները դուրս են նետվել պատուհաններից՝ փրկվելով տարածված կրակից։
Հրդեհի հետևանքով 4 աշակերտ ստացել է սուր սթրես, նրանց օգնություն է հատկացվել տեղում։
Ներկա պահին հրդեհը մարվել է, այրման պատճառները պարզում են փորձագետները։










