3-ամյա բրիտանացին համալրել է «հանճարների հասարակության» շարքերը
Հարավային Յորքշիր դքսությունում գտնվող Բարնսլի քաղաքի բնակիչ 3-ամյա Շերվին Շարաբին համալրել է միջազգային Mensa «հանճարների հասարակության» շարքերը, որտեղ միավորվել են աշխարհի ամենախելացի մարդիկ: Բրիտանացի երեխան դարձել է կազմակերպության ամենաերիտասարդ անդամներից մեկը, տեղեկացնում է Newsru.com կայքը՝ հղում կատարելով Sky News-ին:
Այս տղան IQ թեստի արդյունքում հավաքել է 136 միավոր, մինչդեռ հասուն մարդու համար միջին ցուցանիշ է 100 միավորը, իսկ որոշ շնորհաշատ մարդկանց համար՝ 130 միավորը:
Շերվին սկսել է խոսել 10 ամսականում, իսկ արդեն 20-ում նա կարողանում էր արտահայտել բարդ նախադասություններ: Ներկայում նա կարողանում է հաշվել մինչև 200-ը և քարտեզի վրա ցույց տալ ցանկացած պետություն՝ նրա դրոշով:
«Նա զարմանալիորեն կրթված է, գիտի ամեն ինչ: Նա նայում է ոչ թե մանկական հաղորդումներ, այլ լուրերի թողարկում: Ես նրան երբեք չեմ ստիպել մի բան սովորել: Նա ինքն է մոտենում և հարցնում»,- նշում է երեխայի մայրը՝ 36-ամյա Ամանդա Շարաբին:
Այսքան երիտասարդ ինտելեկտի նման բարձր մակարդակ շատ հազվադեպ է հանդիպում: Մեծ Բրիտանիայում կա Mensa-ի շուրջ 22.000 անդամ, որոնցից միայն 100-ն են, որոնց տարիքը չի գերազանցում 10 տարին:
Սակայն Շարաբիին չի հաջողվել նոր ռեկորդ սահմանել. 2011 թվականի ամռանը երեքամյա Սաֆֆրոն Պլեջերին IQ-ի թեստի արդյունքում հավաքել է 140 միավոր: Իսկ 2009 թվականին Mensa է ընդունվել 2 տարեկան և 4 ամսեկան Էլիզ Տան Ռոբերտսը, ում հաջողվել էր հավաքել 156 միավոր:










