ՌԴ-ում՝ կնոջ գրասենյակի հարևանությամբ, սպանվել է Վսեվոլոժսկի շրջանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Հակոբյանը

10:22 • 30.01.13

ՌԴ Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանի գլխավոր ճարտարապետ, ազգությամբ հայ Էդուարդ Հակոբյանը սառնասրտորեն գնդակահարվել է, հայտնում է НТВ-ն։


61-ամյա ճարտարապետը սպանվել է երեքշաբթի երեկոյան, գլխին արձակված կրակոցից։ Դեպքը տեղի է ունեցել Հակոբյանի կնոջը պատկանող «Վսեվադ» ընկերության գրասենյակի հարևանությամբ։

 

Երեկոյան ժամը 20։00-ին Հակոբյանը դուրս է եկել գրասենյակից և մոտեցել կնոջ մեքենային։ Այդ պահին շենքի ներսում գտնվող մարդիկ կրակոց են լսել, պատուհանից դուրս նայել և տեսել գնդակահարված տղամարդուն։


Իրավապահ մարմիններից 47News-ին հայտնել են, որ մարդասպանը կրակել է անմիջապես Հակոբյանի կզակին։ Ոստիկանի խոսքով՝ հանցագործը հանգիստ մոտեցել է, կրակել մեկ անգամ և նույնպես հանգիստ հեռացել։


Պաշտոնյային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։ Ըստ ИТАР-ТАСС-ի տվյալների՝ նա մահացել է դեռևս շտապօգնության մեքենայում։