Եգիպտոսի ընդդիմությունը Մուրսիի հետ բանակցություններից հրաժարվելուց հետո ինքն է «լուրջ երկխոսության» կոչ արել
Եգիպտոսի ընդդիմությունը հայտարարել է նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ արտակարգ հանդիպում իրականացնելու անհրաժեշտության մասին։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru կայքը, այդ մասին Twitter-ի իր հաշվում գրել է «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդներից Մուհամմեդ ալ-Բարադեյը։ «Մեզ անհրաժեշտ է շտապ հանդիպել նախագահի, պաշտպանության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև «Մուսուլման եղբայրների» հետ, որպեսզի շտապ միջոցառումներ ձեռնարկենք»,-ասել է նա՝ հավելելով, որ բռնությունները դադարեցնելն իրենց առաջնահերթ խնդիրն է և հանուն դրա իրենք պատրաստ են լուրջ երկխոսության։
Երկուշաբթի Եգիպտոսի գլխավոր ընդդիմադիր կոալիցիան՝ «Ազգային փրկության ճակատը», հրաժարվել էր մասնակցել Մուրսիի հետ հանդիպմանը։
Նրանք որպես նախապայման պահանջել էին, որ Մուրսին պատասխանատվություն կրի վերջին օրերի արյունահեղությունների համար, ինչին արդեն զոհ է գնացել 50 մարդ։
Ավելի վաղ Մուրսին դիմել էր բոլոր քաղաքական ուժերին՝ կոչ անելով մասնակցել բանակցություններին՝ երկրում կայունության և անվտանգության հասնելու համար։










