Բոտուլիզմի մեկ դեպք՝ վեց տուժածով և ևս մեկ դեպք մահվան ելքով` Արցախում
Հունվարի 28-ին Արարատի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 6 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության կայքը:
Հիվանդներից 3-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 3-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը` միջին ծանրության:Հիվանդները ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Բուժումը շարունակվում է:
Նշենք, որ բուտուլիզմի մեկ դեպք էլ hունվարի 18-ին Արցախում է արձանագրվել ՝ մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:
Տուժածը Արցախի Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղի բնակիչ, 65-ամյա Գեորգի Սարգսյանն է, ով հունվարի 25-ին ծայրահեղ ծանր` կոմատոզ վիճակում տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ և հաջորդ օրը մահացել է:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է. խուսափե´լ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործման դեպքում՝ դրանք նախապես ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե: Եվ, վերջապես, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:










