Այսօր Գերմանիան «նշում է» Հիտլերի՝ իշխանության գալու 80-ամյակը
Գերմանիան այսօր նշում է նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերի՝ իշխանության գալու 80-ամյակը՝ այդ կապակցությամբ անցկացնելով մի շարք ցուցահանդեսներ, հայտնում է France24-ը։
«Ժամը եկել է։ Մենք Վիլհելմշտրասեում ենք (կանցլերի այն ժամանակվա նստավայրը). Հիտլերը Ռեյխի կանցլերն է. սա նման է երազի»,- 80 տարի առաջ այս օրն իր օրագրում գրել է նացիստական վարչակարգի ղեկավարներից Յոզեֆ Գեբելսը։
Ցուցահանդեսների շրջանակներում ներկայացված լուսանկարների շարքում հատկապես առանձնանում է 1933թ. հունվարի 30-ին արվածը. ֆյուրերն իր նստավայրի պատուհանից ձեռքի հայտնի շարժումով ողջունում է հավաքված ամբոխին։ Նախքան այդ, Հիտլերն արդեն նշանակվել էր կանցլերի պաշտոնում և նախագահ Պաուլ վան Հինդենբուրգից ստացել նոր կառավարություն կազմավորելու թույլտվությունը։
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ ցուցադրությունները կազմակերպվել են այն վայրում, որտեղ նախկինում գտնվել են նացիստական վարչակարգի գաղտնի ոստիկանության ՝ Գեստապոյի շտաբ-բնակարանները։
Ցուցահանդեսները կրում են «Բեռլին 1933. Բռնապետության ճանապարհին» խորագիրը։ Սպասվում է, որ դրանք կայցելի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Բացի լուսանկարներից, ներկայացվել են բազմաթիվ թերթեր և պաստառներ, որոնք ցույց են տալիս նացիստական վարչակարգի իշխանության առաջին ամիսները։ Պաստառներից որոշներն էլ բացահայտում են հրեաների նկատմամբ սկսվող ճնշումներն ու բոյկոտը։ Օրինակ՝ պաստառներից մեկի վրա գրված է.«Պաշտպանե՛ք ինքներդ ձեզ. մի՛ օգտվեք հրեական խանութներից»։
Նախօրեին Մերկելը հայտարարել է, որ «Գերմանիան հավերժ պատասխանատվություն է կրում նացիստական վարչակարգի իրագործած հանցագործությունների, Երկրորդ աշխարհամարտի զոհերի և Հոլոքոստի համար»։
«Մենք դեմ առ դեմ ենք կանգնում մեր պատմությանը և ոչինչ չենք թաքցնում, ոչինչ չենք ճնշում»,-ասել է Մերկելը։










