Գլենդեյլում հայազգի երիտասարդին մինչև 105 տարվա ազատազրկում է սպառնում

10:25 • 30.01.13

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում հայազգի Կարեն Կազարյանին մինչեւ 105 տարվա ազատազրկում է սպառնում:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, 27-ամյա Կարենը ձերբակալվել է երեկ. նա մեղադրվում է «անձական տվյալներ գողանալու և դրանց միջոցով մարդկանց շանտաժի ենթարկելու» մեջ:

 

Դատախազության տվյալների համաձայն՝ Կարենը հանցանքը կատարել է տարբեր սոցիալական ցանցերի միջոցով. կոտրել է սոցցանցերի օգտատերերի էջերի գաղտնաբառերը, էլեկտրոնային փոստի հասցեները, գողացել, ինչպես նաև խաբեության միջոցով ձեռք է բերել իգական սեռի ներկայացուցիչների անձնական բնույթի, կիսամերկ լուսանկարները, այնուհետ դրանք հրապարակելու սպառնալիքի դիմաց նրանցից պահանջել է մերկանալ հեռաձայնելու «Սքայփ» ծրագրի տեսախցիկի առջև:

Կազարյանը իր «սեռական շահագործման ծրագիրը» իրականացրել է երկու փուլով. նախ կոտրել է սոցցանցերի օգտատերերի գաղտնաբառերը, ապա (այն մարդկանց անունից, որոնց գաղտնաբառերը կոտրել էր) սկսել է շփվել այդ մարդկանց կին ընկերների հետ, նրանցից խնդրել է իրեն մերկ կամ կիսամերկ լուսանկարներ ուղարկել... Որոշ ժամանակ անց էլ նրանց առաջարկել է մերկանալ «Սքայփի» տեսախցիկի առջև: Կանայք Կազարյանի տարօրինակ վարքագծից հասկացել են, որ իրականում իրենց ընկերոջ հետ չեն շփվում... Կազարյանն այդ ժամանակ անցել է իր ծրագրի երկրորդ՝ շանտաժի փուլին. սպառնացել է նրանց մերկ կամ կիսամերկ լուսանկարները (վերցրել էր նրանց էջերից, կամ նրանք էին ուղարկել) տեղադրել սոցցանցերում, եթե նրանք չմերկանան... Կանայք հերթով դիմել էին ոստիկանություն:


Հետաքննության տվյալների համաձայն՝ Կարենի գործողությունների հետևանքով ավելի քան 350 կին է տուժել: Կազարյանի համակարգչում հայտնաբերվել է մոտ 3 000 մերկ կամ կիասմերկ կնոջ լուսանկար:
 

 

 Կազարյանին, մեղավոր ճանաչվելու դեպքում, մինչև 105 տարվա ազատազրկում է սպառնում:

 

Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: