Դատարանն ընդունեց «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրողի գույքի վրա դրված արգելանքը հանելու միջնորդությունը

14:49 • 30.01.13

«Ժողովուրդ» օրաթերթի փաստաբան Հարություն Բաղդասարյանը և թերթից երկու ներկայացուցիչներ այսօր դատարանին ներկայացրեցին միջնորդության փաստաթուղթ` պահանջելով հանել «Ժողովուրդ» օրաթերթի և նույն օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված 3 մլն դրամանոց արգելանքը, որը դատարանն ընդունեց։ 


«Միջնորդությունը դատարանն ընդունել է և օրենքի կարգի համաձայն՝ 3 օրվա ընթացքում պետք է մեր միջնորդությունը քննության առնի»,– ի պաշտպանություն օրաթերթի մեկնարկած երթից հետո Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը։
 


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հունվարի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ դատարան ներկայացրած հայցի պատճառով։


«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունը և Խաչիկ Խաչատրյանը դիմել էին դատարան ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության և Սոնա Գրիգորյանի` պատիվը և արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից 3 միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով։


Ըստ փաստաբան Հարություն Բաղդասարյանի՝ դատարանի որոշման համաձայն, թերթի գույքի նկատմամբ դատական հարկադիր կատարման ծառայության կողմից պետք է իրականացվեն որոշակի գործողություններ, որոնք սահմանափակում են դնում համակարգիչների և մյուս տեխնիկայի նկատմամբ։


«Բայց հնարավոր է, որ դատական նիստը կարող է տևել մինչև մեկ տարի, մյուս վճռաբեկն էլ հետը վերցրած, ուրեմն պատկերացրեք խմբագրությունը հնարավորություն չի ունենա՝ ենթադրենք հին գույքը վերանորոգել, կամ նոր գույք ձեռք բերել, կամ հին գույքն օտարել»,– ասաց նա։


«Մենք գտնում ենք, որ պետք է հանվի դրված արգելանքի միջոցը և ցանկանում ենք դատարաններին տեղյակ պահել, որ հարգելի դատարաններ, թո՛ւյլ տվեք մենք էլ ձեզ հարգենք, որ ձեր կողմից իրականացված գործողությունները միջոց կիրառելու համար այնքան էլ չեն բխում իրավական դաշտից»,- ավելացրեց փաստաբանը։


Օրաթերթի լրագրողները մտահոգված են, որ դատարանի այս որոշումը կարող է վտանգել թերթի հետագա գոյությունը։ Միաժամանակ նրանք վստահեցնում են, որ դատարանին և իշխանություններին չի հաջողվի լռեցնել ազատ խոսքը։