Իտալիայում արգելվել է կեղծ ապրանքանիշերի ապրանքների առցանց վաճառքը
Իտալիայի հակամենաշնորհային կոմիտեն (Antitrust) Gucci և Prada ապրանքանիշերի անվան տակ ապրանքներ վաճառող 2 կայքի գործունեությունը համարել է անօրինական, հայտնում է Euromag-ը։
www.guccioutlet-italy.org և www.pradaborselinea.com կայքերը, որոնք պատկանում են չինացիներ Յու Վեյկսիոնին և Շեն Քսիուին, պետք է դադարեցնեն աշխատանքը երկու օրվա ընթացքում։ Ինչպես բացատրվում է պաշտոնական հաղորդագրությունում, այդ կայքերի բովանդակությունը չպետք է հասանելի լինի Իտալիայի տարածքում։
Ըստ սպառողների իրավունքների պաշտպանության Adoc միության հաղորդագրության՝ կայքերի դիզայնը թյուրիմացության մեջ է դրել գնորդներին. նրանք վստահ են եղել, որ գնում են իրական բրենդեր՝ մատչելի գներով։ Կայքերի ձևավորումն ամբողջությամբ նման է եղել իրական արտադրողների կայքերին։
Փորձագետները նշում են, որ կայքերում չկա ապրանքների երաշխիքի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև հասցե, որով կարելի է դիմել որակի վերաբերյալ բողոքի դեպքում։










