Մեկնարկել է «Ժողովուրդ» օրաթերթի աջակիցների երթը դեպի դատարան (լուսանկարներ)

12:24 • 30.01.13

Քիչ առաջ Աբովյան փողոցից մեկնարկեց բողոքի երթը՝ ի պաշտպանություն «ժողովուրդ» օրաթերթի։ Tert.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 100-ից ավելի մասնակիցներ, «արդարություն» վանկարկելով շարժվում են դեպի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի պահանջեն դատարանից անվավեր ճանաչել «ժողովուրդ» օրաթերթի վրա դրված 3 մլն դրամ գույքի կալանքի որոշումը։


Երթի մասնակիցները հիմնականում լրագրողներ են, սակայն կան նաև քաղաքական գործիչներ։ Մասնակիցների թվում են, լրագրողներ, քաղաքական գործիչներ՝ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանը, «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Գուրգեն Եղիազարյանը, «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ստյոպա Սաֆարյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը և այլք։


Ցուցարարները նաև պաստառներ են տանում, որոնց վրա գրված է. «Ժողովուրդ»-ը ժողովրդի հետ է», «Թույլ չենք տա, որ ժամկետանց ձու վաճառող պարոնը դատարանի վրա իշխի», ««Ժողովուրդը» եղել է և կմնա օրաթերթ բոլորի և ամեն ինչի մասին»։


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված ՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հունվարի 10-ին «Ժողովուրդ»-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ դատարան ներկայացրած հայցի պատճառով։


Նշենք, որ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունը և Խաչիկ Խաչատրյանը դիմել էր դատարան ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության և Սոնա Գրիգորյանի` պատիվը և արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից երեք միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով։