Ընտրությունները կլինեն հասարակության հասունության ստուգատես. Սերժ Սարգսյան
Հաշված օրեր հետո կատարելու ենք կարևոր ընտրություն, որով ավարտվում է մեր պետության ընտրական փուլի ևս մեկ շրջան:Այս խոսքերով սկսեց հանդիպումը Սպիտակ քաղաքում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ ընտրողներին կոչ անելով համեմատել բոլոր թեկնածուների նախընտրական առաջարկներն ու կողմնորոշված ընտրություն կատարել:
«Այդ օրը պետք է լինի մեր երկրի հասարակության հասունության յուրօրինակ ստուգատես»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Խոսելով նախորդ տարիների արվածի ու չարվածի մասին, նախագահը նշեց, որ եղել են և՛ բացթողումներ, և՛ շատ աշխատանքներ են արվել:
«Խոսքի և մամուլի ազատության մեր օրերում, պետությունը դարձել է ավելի մոտ, պետական պաշտոնյաներն՝ ավելի պատասխանատու, համայնքային ղեկավարներն էլ՝ առավել զգոն»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով զուտ Սպիտակի խնդիրներին, նախագահն ասաց, որ վերջին տարիների ընթացքում Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայել Սպիտակի խնդիրները լուծելու համար:
«Յուրաքանչյուր համայնքի հոգսերը հատուկ են, յուրովի: Այդ պատճառով խնդիրների լուծումները պետք է լինեն անհատական: Մեզ հաջողվել է Սպիտակում կոտրել հուսահատության իներցիան, մեծ թվով անօթևանների տուն է հատկացվել»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Առկա բազմաթիվ խնդիրներից նախագահն առանձնացրեց գործազրկությունը, որը, նրա խոսքով, քաղաքում բավականին բարձր է։
«Ձեր զավակներին, հայրերին, պետք է վերադարձնել տուն: Համայնքներում պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ նաև կանանց գործազրկության հարցը նվազի: Անկախ տարիքից ու սեռից, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, սպիտակցին ևս պետք է ապահովված լինի աշխատանքով»,- ասաց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ փոփոխող հարկային ճկուն քաղաքականության շնորհիվ, օտարերկրյա ներդրումները կուղղվեն համայնքներին:










