ԱՄՆ-ն Նիգերում անօդաչու թռչող սարքերի ռազմակայան կկառուցի

00:25 • 30.01.13

Նիգերի կառավարությունը դրական է արձագանքել Վաշինգտոնի այն խնդրանքի, որպեսզի աֆրիկյան երկրի տարածքում կառուցվի ամերիկյան անօդաչու սարքերի ռազմաբազա: Ըստ պետդեպարտամենտի հայտարարությունների՝ այն անհրաժեշտ է ԱՄՆ-ին, որպեսզի կարողանան օգնել Ֆրանսիական զորքերին աֆրիկյան մայրցամաքի մուսուլման ծայրահեղականների դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Ենթադրվում է, որ կայանը կտեղակայվի Նիգերի հյուսիսային շրջանի անապատային տարածքում, որը սահմանակից է Մալիին, Ալժիրին և Լիբիային:


Ներկայումս ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքերի համար ունի ընդամենը մեկ կայան, որը գտնվում է Ջիբութիում: Նրա միջոցով հնարավոր է վերահսկել Սոմալիի և Սուդանի օդային տարածքը և պարբերաբար հետախուզական աշխատանքներ իրականացնել Յեմենում: Ենթադրվում է, որ Նիգերում ստեղծվող կայանի պարագայում ԱՄՆ-ն ավելի արագ կարձագանքի տարածաշրջանում առաջացած հակամարտություններին:


Կայանի մասին քննարկումները սկիզբ առան, երբ նկատվեց, որ աֆրիկյան մայրցամաքում ակտիվանում է «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցը: