Զիմբաբվեի պետական գանձարանում մնացել է 217 դոլար՝ աշխատավարձերի մարումից հետո
Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկի՝ Զիմբաբվեի բյուջեում մնացել է 217 դոլար այն բանից հետո, երբ կառավարությունը մարել է բյուջետային ծառայողների հանդեպ ունեցած պարտքերը: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով Business Day պարբերականին, որը մեջբերում է Զիմբաբվեի ֆինանսների նախարար Տենայ Բիթիին:
Ֆինանսական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «ֆինանսական տեսանկյունից կառավարությունը պարալիզացված է»: «Մեզ ոչնչի համար գումար չի բավարարում»,-դժգոհել է Բիթին:
Զիմբաբվեական տնտեսությունը սկսել էր անկում ապրել 2000-ականներին, երբ երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեն որոշում էր կայացրել առգրավել սպիտակամորթ գյուղատնտեսների հողերը: Արդյունքում առաջացել էր շղթայական ազդեցություն, որի արդյունքում ներդրողները կորցրել էին աֆրիկյան պետության հանդեպ վստահությունը, կանգնել էր արդյունաբերությունը, երկրի նկատմամբ կիրառվել էին միջազգային պատժամիջոցներ:
Երկրում ինֆլյացիան վերջին 10 տարիների ընթացքում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 2008 թվականին կազմելով 231.000.000 %: Զիմբաբվեի դոլարը, որը գործում էր մինչև 2009 թվականը, համարվում էր աշխարհի ամենաէժան արժույթը:
Այս տարի Զիմբաբվեում պետք է կայանան նախագահական ընտրություններ, սակայն դրա համար անհրաժեշտ է 104 միլիոն դոլար: Դա նշանակում է, որ պետությունը պետք է դիմի այլ երկրներին:










