Ամերիկացի դպրոցականը քաղցկեղի ախտորոշման նորարարական մեթոդ է հնարել (տեսանյութ)

21:06 • 08.02.13

Ամերիկացի 15 ամյա պատանի տաղանդը` Ջեք Անդրաքան հայտնագործություն է կատարել, որը կարող է հեղափոխական բարեփոխումներ ներմուծել օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման ոլորտում, հաղորդում է Forbes-ը:


Պարբերականը նշում է, որ ապագայում Ջեք Անդրաքա անունը հաճախ կհնչի գիտական ասպարեզում: Պատանին նորարար և գիտնական է: Նրա հորինած ենթաստամոքսային գեղձի, թոքերի և ձվարանների քաղցկեղի վաղ փուլում բացահայտման պարզ թեսթը ցնցել է մարդկանց պատկերացումը:


Ահա միայն մի քանի փաստեր` թեսթը 168 անգամ ավելի արագ է, քան ներկայում հիվանդներին մատչելիները, այն 26 հազար անգամ էժան է համանման թեսթերից, և «հազար» բառը վրիպակ չէ: Պատանու ստեղծած թեսթը ճշգրիտ ախտորոշում է ապահովում գրեթե 100% դեպքերում:


Այս ամենում ամենաանհավանականն այն է, որ նման հայտնագործություն է արել 15 ամյա տղան:
Մեզոտելին սպիտակուցը` օնկոլոգիական հիվանդությունների բացահայտման հիմնական ցուցիչ-մարկերն է, որը արտադրում են չարորակ բջիջները:


Ջեքը համատեղել է մարդկային հակամարմինները ածխածնային նանոխողովակների և սովորական ֆիլտրացիոն թղթի հետ: Պատանի հանճարի գիտական ուսումնասիրությունների արդյունքում ստեղծվեց չափիչ սարք, որը նման է այն սարքին, ինչպիսին օգտագործում են դիաբետիկները արյան շաքարի մակարդակը որոշելու համար:


Անդրական թղթի հատվածը թաթախել է գլանաձև միապատ ածխածնային նանոխողովակների (մեկ ատոմ պատի հաստությամբ) լուծույթի մեջ, որոնք պատված էին հատուկ հակամարմիններով: Հակամարմինների շնորհիվ խողովակները արյան մեջ բացահայտում են մեզոտելինը, այդկերպ վաղ փուլում կարելի է ախտորոշել օնկոլոգիական հիվանդությունը և ճիշտ ժամանակին բուժում սկսել:


Փորձերի համար Ջեքը 50 ԱՄՆ դոլար արժողությամբ մի տվիչ է ստեղծել, իսկ թեսթի ինքնարժեքը կազմել է 3 ցենտ:
Սարքի զգայունությունը և ճշտությունը չափազանց բարձր է ստացվել: Որպես կենսանյութ կարող են օգտագործվել արյունը և մեզը:


Իր թեսթի համար Անդրական նախորդ տարի արդեն ստացել է Intel-ի դպրոցական գիտական ցուցահանդեսի գլխավոր մրցանակը` 75 հազար ԱՄն դոլար:

Իսկ մի քանի մասնավոր ընկերություններ հավակնում են գնել այդ գյուտը և հարմարեցնել բժշկության կարիքներին գլոբալ մասշտաբով:

 

 

Ամերիկացի դպրոցականը քաղցկեղի ախտորոշման նորարարական մեթոդ է հնարել (տեսանյութ)