Ինչպիսի տեսք կարող են ունենալ Apple-ի iWatch ժամացույցները (լուսանկարներ)
Ամերիկյան Apple ընկերության արտադրանքի շուրջ միշտ էլ մեծ հետաքրքրություն է դրսևորվում, նույնիսկ եթե դրանք դեռևս սոսկ խոսակցություններ ու ապագայի ծրագրեր են։ Բացառություն չէ նաև ապագայի ժամացույցը` iWatch-ը, որի շուրջ աղմուկը բարձրացել է անցած տարվա դեկտեմբերից, գրում է Daily Mail-ը։
Աշխարհի տարբեր մասերում բնակվող դիզայներներն արդեն ոգեշնչվել են այս տեղեկությամբ՝ ներկայացնելով իրենց տարբերակը iWatch-ի արտաքին դիզայնի վերաբերյալ։ Չի բացառվում, որ վաճառքի դուրս գալու դեպքում դրանք ունենան ստորև ներկայացված մոդելներից մեկի տեսքը։
Ըստ նախնական տվյալների՝ iWatch-ը կունենա 3,8 սմ անկյունագծով էկրան, իսկ մյուս գաջեթների, այդ թվում նաև iPhone-ի հետ հաղորդակցվելու համար այն կօգտագործի Bluetooth։
Չինական Tech.163 կայքը նշում է, որ iWatch-ը վաճառքի կհանվի ԱՄՆ-ում արդեն այս տարի։ Բացի այդ, հայտնի է, որ նոր սերնդի ժամացույցը կգործի iOS համակարգչային ապահովման ծրագրի հիման վրա, որը կիրառվում է նաև iPhone-ի և iPad-ի դեպքում՝ հնարավորություն ընձեռելով ներբեռնումները շատ հեշտ անել։ Ոլորտի վերլուծաբանները գտնում են, որ այս ժամացույցն Apple-ին կօգնի Google-ի դեմ մղվող պայքարում, որն այս տարի պատրաստվում է «Google Glass» հեղափոխական ակնոցներն արտադրել։










