Կառավարությունում վաղը քննարկվելու է թվայնացված գրադարան ստեղծելու առաջարկը
Կառավարությունը պատրաստվում է ստեղծել ՀՀ գրադարանային հավաքածուի բաղկացուցիչ մաս կազմող հայատառ գրադարանային հավաքածուների թվանշանային տարբերակ՝ թվանշանային գրադարան և կանոնակարգել դրա կազմակերպման և համակարգման հետ կապված իրավահարաբերությունները:
Գրադարանի ստեղծման հիմնական նպատակը ՀՀ գրավոր ժառանգության մաս կազմող հայատառ, ինչպես նաև Հայաստանի ու հայերի վերաբերյալ (այսուհետ` հայագիտական) համակարգված տեղեկույթից օգտվելու հնարավորության ապահովումն է:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից, որտեղ ներառված են վաղվա կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:
Թվանշանային գրադարանն ապահովում է հայատառ և հայագիտական թվայնացված օրինակի օգտագործումը ինչպես գրադարանում, այնպես էլ առցանց:
Հայատառ և հայագիտական գրադարանային փաստաթղթերի մատենագիտական գրացուցակը տրամադրվում է օգտատերերին ազատ դիտման կարգավիճակով:
Թվանշանային գրադարանի առկա պատճենները տրամադրում են օգտատերերին ազատ դիտման կարգավիճակով՝ անվճար` ներբեռնելու և պատճենելու հնարավորությամբ, բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերից:
Թվանշանային գրադարանի ստեղծման աշխատանքը համակարգելու է Հայաստանի ազգային գրադարանը:
Թվանշանային գրադարանի գործունեությունը ներառում է տեղեկույթի հավաքումը, մշակումը, միասնական ձևաչափին համապատասխանեցումը և սույն կարգով ու այլ իրավական ակտերով սահմանված նպատակներով շրջանառության մեջ դնելը: Թվանշանային գրադարանը կազմվում է հրապարակման ենթակա գրադարանային փաստաթղթի բովանդակության թվայնացված պատճենից և մատենագիտական գրացուցակից (մետա տվյալներ):
Թվանշանային գրադարանի ձևավորման առաջնահերթություններն են՝ գրավոր հուշարձանները, փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերը, պարտադիր օրինակները, որոնք ունեն առանձնահատուկ պատմական, գիտական, մշակութային նշանակություն, հայագիտական գրադարանային փաստաթղթերը:
Գրադարանային փաստաթղթի թվանշանային տարբերակը ստեղծվում է երկու օրինակից.
մայր օրինակը փաստաթղթի բարձր որակի պատկերն է, որը նախատեսված է երկարաժամկետ պահպանության և որակյալ տպագրության համար, իսկ աշխատանքայինը՝ ցածր որակի և նախատեսված է համացան¬ցում դիտման համար։
Թվանշանային գրադարանի պաշարները ձևավորվելու են ազգային գրադարանային հավաքածուից, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից թվայնացված և Հայաստանի ազգային գրադարանին անհատույց տրամադրված թվային պատճեններից.
Հայաստանի ազգային գրադարանի կողմից գնմամբ ձեռք բերված թվային պատճեններից, Մշակույթի նախարարության համաձայնությամբ թվային պատճենների փոխանակությունից:










