Եթե ընտրությունները հետաձգվեին, ժողովրդի մոտ նևրոզ կառաջանար. հոգեթերապևտ

15:12 • 13.02.13

Հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը նևրոզ հիվանդության թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ եթե այնպես ստացվեր, որ փետրվարի 18-ին նախատեսված ընտրությունները հետաձգվեին, ապա ժողովրդի մոտ նևրոզ կնկատվեր։


Մասնագետը նշեց, որ նախընտրական շրջանում պատկերացնում է բոլոր թեկնածուների հոգեկան վիճակը. բոլորն էլ քիչ թե շատ հավասարակշռված վիճակում են, բայց, ընդհանուր առմամբ, բոլորի մոտ էլ կա նևրոտիկ վիճակ:


«Դա ոչ թե նևրոզ հիվանդություն է, այլ մի վիճակ, որը փետրվարի 18-ի երեկոյան արդեն կհարթվի, կպարզվի»,- ասաց նա։
Ըստ նրա՝ նախկինում ընտրական գործընթացը տոն էր տարբեր բնակավայրերում, բայց հիմա այդպես չէ, մարդիկ այսօր այդքան շատ չեն ուրախանում:


Հիվանդության մասին բանախոսն ասաց, որ նևրոզը սիրո թշնամին է, այն ֆունկցիոնալ հիվանդություն է և ավելի շատ նևրոզներ առաջանում են սթրեսներից: Նևրոզը հոգեկան հիվանդության պատճառ երբեք չի կարող լինել, և դրանից մարդը չի մեռնում: Նևրոզն ավելի շատ փոխում է կյանքի նորմալ հունը:


Մասնագետի խոսքով նևրոզի բուժումը հիմնականում կոմպլեքս ձևով է կատարվում, այս դեպքում դեղորայքային, կլիմայի փոփոխության, առողջարանային բուժումների մասին է խոսքը, ինչպես նաև սննդի փոփոխությունն է նպաստում բուժմանը:


«Այս ամենը ազդեցություն են ունենում, բայց նևրոզի հիմնական արմատական և վերջնական բուժումը հոգեթերապևտիկ բուժումն է և ինքնամարզումը: Սա արվում է նրա համար, որ մարդն ինքն իր նյարդային համակարգը կարգավորում է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Նևրոզներով հիվանդանում են բոլոր տարիքում:


«Եթե երեխան սթրես տարավ, կարող է սկսել կակազել, միզել տակը, դա նույնպես նևրոզի դրսևորում է, բայց հիվանդությունն ամենաշատը լինում է սեռական հասունացման շրջանում»,-ասաց հոգեթերապևտը և ծնողներին խորհուրդ տվեց այդ տարիքի երեխաներին թույլ չտալ մազոխիստական և էրոտիկ բնույթի ֆիլմեր դիտել:


 

Եթե ընտրությունները հետաձգվեին, ժողովրդի մոտ նևրոզ կառաջանար. հոգեթերապևտ