Intel-ը սեփական հեռուստատեսությունը կունենա

01:20 • 14.02.13

Intel ընկերությունը պատրաստվում է գործարկել սեփական ինտերնետ հեռուստատեսությունը: Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով All Things Digital-ին, որը մեջբերում է կազմակերպության փոխնախագահ Էրիկ Հագերսի խոսքերը:


Հագերսը նշել է, որ ինտերնետային հեռուստատեսության շուրջ աշխատանքներն ընթանում են արդեն 1 տարի: Հատուկ ենթաբաժնում, որը ստացել է Intel Media անունը, աշխատում են Apple-ի, Google-ի և Netflix-ի նախկին աշխատակիցներ: Հագերսը նշել է, որ նրանց առաջ խնդիր է դրված՝ ստեղծել լավագույն ինտերնետային հեռուստատեսությունը: Ըստ փոխնախագահի՝ դրա համար նրանք համագործակցում են «ամբողջ արդյունաբերության հետ», սակայն գործընկերներին նա չի բացահայտել:


Ըստ Հագերսի, կազմակերպությունը պատրաստում է համակարգային լուծում, որը կազմված է լինելու հեռուստակոնսոլից և պլատֆորմից: Նա նշել է, որ սարքը կունենա «ֆանտաստիկ դիզայն»: Այն կարող է հաղորդագրություններ ցույց տալ ուղիղ եթերում և որոշ ժամանակ հետո: Սարքի վրա հնարավոր կլինի օգտագործել տարբեր լրացումներ:


Սարքի մեջ ներդրված կլինի տեսախցիկ, որը հնարավորության կտա գնահատել, թե ինչպես է օգտատերը հեռուստացույց դիտում: Ցանկության դեպքում հնարավոր է անջատել տեսախցիկը: Այլ մանրամասներ Հագերսը չի հայտնել:
 

Intel-ը սեփական հեռուստատեսությունը կունենա