Ծիր Կաթինն ուսումնասիրվել է «հեռացած» աստղերի տեղաշարժի վերլուծությամբ
Գիտնականները Ծիր Կաթինի կառուցվածքն ուսումնասիրելու համար առաջարկել են օգտագործել այն աստղերի վերլուծությունը, որոնք լքել են գալակտիկայի տարածքը: Այս մասին հաղորդում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով New Scientist-ին:
Հեղինակները վերլուծել են Ծիր Կաթինի տարածքը լքած 40 աստղերի տարիքը, արագությունը և դիրքը: Այս աստղերը ուրիշ լուսատուների ձգողականության արդյունքում դուրս էին մղվել գալակտիկայի ներսում գտնվող իրենց աստղային կուտակումներից:
Իմանալով «փախած» աստղերի տարիքը և դիրքը, գիտնականները վերականգնել են նրանց այն դիրքը, որում նրանք գտնվում էին մինչև դուրս մղվելը, և դրա հիմքի վրա ստացել են կառուցվածքային տեղեկություններ հենց Ծիր Կաթինի մասին:
Աստղագետների կողմից ստացված արդյունքները համապատասխանում էին մեր գալակտիկայի մասին առկա տեղեկություններին, որոնք ստացվել էին անկախ տվյալների միջոցով: Ըստ հեղինակների՝ այս տարբերակը կարելի է փորձարկել ավելի մեծ թվով «հեռացած» աստղերի վրա:
Ծիր Կաթինի ուսումնասիրությունը բարդանում է նրանով, որ գիտնականները չեն կարող այն դիտել կողքից: Դրա արդյունքում մեր գալակտիկան շարունակում է մնալ ամենավատ ուսումնասիրվածներից մեկը:










