Չելյաբինսկի երկնաքարի զանգվածը մթնոլորտ մտնելիս կազմել է 10 տոննա. ՌԴ ԳԱԱ (տեսանյութ)

17:25 • 15.02.13

Չելյաբինսկի երկնաքարի զանգվածը մթնոլորտ մտնելուց առաջ կազմել է 10 տոննա։ Նրա էներգիան կազմել է մի քանի կիլոտոննա, իսկ արագությունը՝ մինչև 20 կմ/վայրկյան։

 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, նախնական արդյունքների մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիան (ԳԱԱ)։

 

«Այսօր առավոտյան Չելյաբինսկի մարզում տիեզերական մարմնի անկման դեպք է արձանագրվել, ինչի պատճառով առաջացել է վառ լույս և ուժեղ հարվածային ալիք։ Մեր գնահատականներով՝ մարմնի չափերը կազմել են մի քանի մետր, զանգվածը՝ տասնյակ տոննա, էներգիան՝ մի քանի կիլոտոննա։ Մարմինը մթնոլորտ է մտել 15-20 կմ/ժամ արագությամբ և տրոհվել 30-50 կմ բարձրության վրա»,-տեղեկացրել են ակադեմիայից։

 

Նման չափերի մարմիններ տարեկան ընկնում են մի քանի անգամ, սակայն սովորաբար այրվում են՝ մինչև 30-50 կմ բարձրության հասնելը։ Նման միջադեպ վերջին անգամ ՌԴ տարածքում տեղի է ունեցել 2002թ.-ին։



Վերջին տվյալներով՝ երկնաքարի ընկնելու հետևանքով Չելյաբինսկում մոտ 600 մարդ է տուժել, նրանցից 34-ը հոսպիտալացվել են։

«Օգնության է դիմել 571 մարդ, 34-ը հոսպիտալացվել են»,-ասել է ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Իգոր Ղահրամանյանը։

Ի դեպ, Life News-ը հրապարակել է այն վայրի կադրերը, որտեղ ընկել է երկնաքարը։


 

Չելյաբինսկի երկնաքարի զանգվածը մթնոլորտ մտնելիս կազմել է 10 տոննա. ՌԴ ԳԱԱ (տեսանյութ)