Էլեկտրական սուպերմեքենա Mercedes-ը նաև «ջրլող քույրն» ունեցավ, այն էլ՝ ամենաարագը (լուսանկարներ)

22:12 • 15.02.13

Որոշ ժամանակ առաջ անզուգական էլեկտրական սուպերմեքենա ստեղծելով, գերմանական ընկերությունը չհանգստացավ և հայտնի ջրասպորտային թիմի հետ սերտ համագործակցությամբ Mercedes-ը ստեղծեց աշխարհում ամենաարագ էլեկտրական մոտորանավը:

 

Ամենաարագ մոտորանավերի և ամենաարագ սպորտմեքենաների արտադրողներն արդեն առաջին անգամ չէ, որ միավորվում են: Cigarette Racing թիմի և Mercedes-ի նախկին համագործակցության արդյունքում ծնվել էր 2700 ձիաուժանոց շարժիչով նավակը, որը տեսքը ստացել էր SLS AMG-ի ոճավորմամբ: Իսկ այս անգամ խոսքը վերաբերում է ավելի տպավորիչ և միևնույն ժամանակ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներին:

 

Cigarette AMG Electric Drive Concept անվանումը ստացած նախատիպը ներկայացվել էր Մայամիի ցուցահանդեսում: Մոտորանավի իրանը ներկվել է այն նույն էլեկտրիկ կանաչ գույնով, որով գունավորվում էր հայտնի SLS AMG Electric Drive սուպերմեքենան: Սակայն կոնցեպտ նավակի հիմնական առավելությունն իհարկե գույնը չէ: Այն 12 էլեկտաշարժիչներով է համալրված, որոնցից յուրաքանչյուրը 188 ձիաուժ և 250 Նմ ոլորող մոմենտ հզորություն է ապահովում:

 

Ուժային ագրեգատի գումարային հզորությունը սահմանափակվել է 2251 ձիաուժով, որը ստեղծողներին թույլ է տալիս իրենց արտադրանքն աշխարհում ամենահզոր էլեկտրանավակը անվանել: Բացի այդ, այն նաև ամենաարագն է` նավակի առավելագույն արագությունը 160կմ/ժ է կազմում:
 

Էլեկտրական սուպերմեքենա Mercedes-ը նաև «ջրլող քույրն» ունեցավ, այն էլ՝ ամենաարագը (լուսանկարներ)