Օքսֆորդի համալսարանը ներկայացրել է iPad-ով կառավարվող ռոբոտ-մեքենա (տեսանյութ)

17:09 • 15.02.13

Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի գիտնականները ներկայացրել են հեղափոխական RobotCar ռոբոտ-մեքենան, որը կառավարվում է iPad-ի օգնությամբ, գրում է Daily Mail-ը։

 

Մասնագետները նշում են, որ նոր մեքենան Nissan Leaf-ի ադապտացված տարբերակն է՝ ներկառուցված լազերներով ու տեսախցիկներով, որոնք գործում են մեքենայի համար որպես «աչքեր»։ Դրանց հիմնական գործառույթն այն է, որ երբ մարդը վարում է մեքենան, այդ «աչքերը» քարտեզագրում են և մեքենայում ներկառուցված համակարգչի մեջ են պահպանում տվյալ ճանապարհի 3D քարտեզային տարբերակը։ Արդյունքում, մեքենան իր հիշողության մեջ պահպանում է ճանապարհների տեսքը և ևս մեկ անգամ այդտեղով անցնելու դեպքում կարողանում է ինքնուրույն, առանց վարորդի օգնության ընթանալ։

 

Իսկ ճանապարհին որևէ խոչընդոտի հանդիպելիս մեքենան դանդաղեցնում կամ ընդհանրապես դադարեցնում է իր ընթացքը։ Սակայն եթե վարորդն անցնում է մեքենայի համար ծանոթ ճանապարհով, նա կարող է անցնել ավտոդրայվ ռեժիմին, որի դեպքում փոխադրամիջոցը կառավարվում է iPad-ով։ Այնուհետև ցանկացած պահի վարորդը կարող է կրկին վարել մեքենան։

 

RobotCar-ի հեղինակները գտնում են, որ նման մեքենաները լայն կիրառություն կստանան արդեն 15 տարի անց։ Սա նշանակում է, որ ֆուտուրիստիկ փոխադրամիջոցները շուտով կդադարեն պարզապես վառ երևակայության արդյունք լինելուց և կդառնան իրականություն։ Մեքենան ստեղծելու համար մասնագետներից պահանջվել է 5 հազար ֆունտ ստեռլինգ։


 

Օքսֆորդի համալսարանը ներկայացրել է iPad-ով կառավարվող ռոբոտ-մեքենա (տեսանյութ)