Նորմալ է, որ համացանցի բաց գրառումները «գաղտնալսվում» են. Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանի մամուլի խորհուրդն իր հերթական նիստի ժամանակ՝ երեկ որոշում է կայացրել մշտադիտարկել նաև համացանցը, ինչի մասին տեղեկացնում է Contact.az -ը: Tert.am–ը մեդիա անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանից փորձեց պարզել, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ համացանցը գրաքննելու է փորձ է արվում և արդյոք նման բան իրականացվում է Հայաստանում:
Փորձագետը հստակեցրեց, թե քանի որ «գրաքննել» նշանակում է ազդեցություն, խմբագրական, միջամտություն մինչև հրապարակումը, ապա խոսքը մշտադիտարկման և ինչ-որ դեպքերում՝ արգելափակման մասին է:
«Մշտադիտարկումը ենթադրում է, որ բաց գրառումները ընթերցվում են, որովհետև, բնականաբար, ոչ մի ծառայություն բաց չի թողնի ինչ-որ տեղեկատվություն նաև ցանցից քաղելու հնարավորություն»– ասաց նա:
«Սա նորմալ է, և զարմանալի կլիներ, եթե չընթերցվեին: Այլ հարց է՝ արդյոք ընթերցվո՞ւմ ե՞ն փակ գրառումները, այսինքն՝ համացանցը «գաղտնալսվում է»»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ խոսքը օգատերերի ներքին, ոչ բոլորի համար նախատեսված նամակագրության մասին է:
«Եթե դա արվում է, առանց դատարանի որոշման, արդեն քաղաքացիների իրավունքների խախտում է, և Հայաստանում նման դեպքի մասին ինձ հայտնի չէ»,-ընդգծեց մեդիափորձագետը:
Ինչ վերաբերում է նյութերը հրապարակելու արգելանքին, ապա միակ փորձը անցյալում է, երբ համացանցում ևս 2008–ի մարտյան արտակարգ դրության ժամանակ արգելվում էր որոշակի ուղղվածության նյութերի տարածումը:
Փորձագետը չի կիսում տարածված կարծիքը, որ «Ֆեյսբուքը» և մյուս սոցիալական ցանցերը Հայաստանում հասարակական տրամադրությունների արտահայտիչն են, և այս առումով հետաքրքրական են հատուկ ծառայությունների համար:
«Նայած հասարակություն, ԱՄՆ ում օրինակ՝ «Ֆեյսբուքից» օգտվողների թիվը բնակչության կեսն է, Հայաստանում՝ մոտ 15 տոկոսը: Դա արդեն իսկ նշանակում է, որ մեզ մոտ ամբողջ հասարակության տրամադրությունները չեն կարող առկա լինել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՖԲ-ից օգտվողների երկու երրորդը մինչև 35 տարեկան մարդիկ են: Այսինքն՝ տարիքային այլ խմբերի կարծիքներն ու տրամադրություններն այստեղ արտահայտված չեն:
Նաև Սամվել Մարտիրոսյանը, ընդգծելու համար վերը նշվածը, հարցրեց, թե երբևէ «Ֆեյսբուքում» հանդիպել ենք մարդկանց, որոնք օրինակ՝ ընտրակաշառք վերցնելու հասարակական տրամադրություններ ունեն: «Իրենց տրամադրությունները իմանալ հնարավոր չէ, քանի որ իրենք դրա մասին չեն գրում, նույնիսկ եթե կան էլ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Skype տեսակամուրջային ծառայությունը հայտարարել էր, որ եթե երկրները, ունենալով դատարանի որոշում, իրեն պաշտոնապես դիմեն կոնկրետ մարդու սքայպային խոսակցության գաղտնալսման համար, ապա նման թույլտվություն կտրվի:
Սամվել Մարտիրոսյանն այս հարցում որևէ մեկնաբանություն չունի, քանի որ ասաց , որ նորմալ երկրում գաղտնալսումը թույլ է տրվում, եթե կա դատարանի որոշում, իսկ ոչ նորմալ երկրում՝ առանց որոշման:










