Skype-ը «գրավել է» համաշխարհային հեռախոսային թրաֆիքի 1/3-րդը
Microsoft-ին պատկանող Skype ծառայությունը հնարավորություն է տալիս համացանցի միջոցով տեսաձայնային զանգեր կատարել, նիշքեր (ֆայլեր) և հաղորդագրություններ ուղարկել։ Թեև Skype-ը հաճախակի է մեղադրվում գաղտնիության իրավունքի խախտումների մեջ, այնուամենայնիվ, դրա հեղինակությունը գնալով աճում է։
Ինչպես նշում է Вести-ն, TeleGeography ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքներից հայտնի է դարձել, որ Skype-ի միջոցով համացանցում իրականացվող զանգերը «գրավել են» միջազգային հեռախոսային թրաֆիքի 1/3-րդը, ինչը բացարձակ ռեկորդ է նմանատիպ բոլոր ծառայությունների համար։
Ընկերության փորձագետների հաշվարկի համաձայն՝ 2012թ. ընթացքում համաշխարհային հեռախոսային թրաֆիքի ծավալը կազմել է 490 մլրդ րոպե, որից 167 մլրդ-ն խոսվել է Skype-ի միջոցով։
Skype-ի և նման ծառայություններ առաջարկող ծառայությունների կողմից ներկայացվող մրցակցության պատճառով բջջային կապի օպերատորները ստիպված են իջեցնել սակագները, ինչի արդյունքում թեև նրանց շահույթը նվազում է, սակայն օգտատերերը, անշուշտ, միայն շահում են։










