Գիտնականները ստեղծել են 6-րդ զգայարանի գործառույթով ուղեղի իմպլանտ

08:10 • 18.02.13

Ամերիկացի գիտնականներն ուղեղի իմպլանտ են ստեղծել, որը թույլ է տալիս 6-րդ զգայարանի ունակություն ցուցաբերել՝ «զգալ» ինֆրակարմիր ճառագայթները, հայտնում է The Guardian-ը:

 

Սարքը փորձարկվել է առնետների վրա, որոնք կարողացել են «որսալ» անտեսանելի ինֆրակարմիր ճառագայթները: Դա հնարավոր է եղել ուղեղի այն մասում տեղադրված էլեկտրոդների միջոցով, որը պատասխանատու է շոշափման զգայարանների համար:

 

Փորձը հեղինակել են Հյուսիսային Կարոլինայի Դյուքի համալսարանի գիտնականները:

 

Այս մասին խոսելով Բոսթոնում Գիտական առաջընթացի ամերիկյան ակադեմիայի հանդիպմանը՝ գիտնականներն ասել են, որ դա մի բան է, «որի իրականացման մասին ոչ ոք չէր կարող երազել»:

 

Ուսումնասիրության շատ կողմեր առայժմ գաղտնի են պահվում: Գիտնականները հայտնում են միայն, որ ուղեղի որոշակի մասը, որը նախատեսված է մեկ զգայարանի համար, կարող է մեկնաբանել նաև զգայարանային նաև այլ ինֆորմացիա: Տեսականորեն սա նշանակում է, որ օրինակ ուղեղի որոշակի մասի վնասվածության պատճառով կուրացած մարդը կարող է վերագտնել տեսողությունը՝ այդ իմպլանտներն օգտագործելով ուղեղի մեկ այլ մասում:

 

Այս ուսումնասիրությունը միջազգային գիտական աշխատանքի մասն է, որի նպատակն է ստեղծել ամբողջական մարմնային կոստյում, որը թույլ է տալիս կաթվածահար մարդկանց նորից քայլել՝ իրենց ուղեղի միջոցով կառավարելով սարքը:

 

Ամերիկացի գիտնականները հուսով են իրեն «էքսոկմախքը» ներկայացնել 2014-ին Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի գավաթի ժամանակ:
 

Գիտնականները ստեղծել են 6-րդ զգայարանի գործառույթով ուղեղի իմպլանտ