Ստեղծվել է «չկախվող» համակարգիչ
Լոնդոնի Համալսարանական քոլեջի (UCL) ինժեներները ստեղծել են համակարգիչ, որը կարող է «բուժել» ինքն իրեն, գրում է Вести-ն։
Դրա հիմքում ընկած է ինտելեկտուալ համակարգը, որը սխալը գտնելու դեպքում ինքնուրույն վերածրագրավորվում է։ «Մահվան կապույտ էկրանը», տեսականորեն, նման սարքին չի սպառնում։
Հայտնի է, որ ժամանակակից անհատական համակարգիչները միաժամանակ կատարում են միայն մեկ հրահանգ։ Անցնել մյուս հրամանին դրանք կարող են միայն մեկը կատարելուց հետո։ Եթե նման հերթականությունը խախտվի, ապա համակարգիչները «կախվում» են և դադարեցնում աշխատանքը։
UCL-ի աշխատակից, «խելացի» համակարգչի մշակողներից Փիթեր Բենթլիի խոսքով՝ նա ցանկացել է այնպիսի համակարգիչ ստեղծել, որը կարող է բոլոր հանձնարարությունները կատարել միաժամանակ կամ պատահական հերթականությամբ, իսկ խափանման դեպքում այն պարզապես կանցնի այլ գործողությունների։
Ինժեներների նորույթը կներկայացվի 2013թ. ապրիլին, Սինգապուրում ICES համաժողովի ժամանակ։ Ինտելեկտուալ համակարգը հնարավոր կլինի կիրառել, օրինակ, անօդաչուներում, որոնք վնասվելու դեպքում կարող են ինքնուրույն վերածրագրավորվել։










