Apple MacBook Air-ը կհամալրվի Retina էկրանով

21:30 • 19.02.13

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Apple-ի գերբարակ MacBook Air նեթբուքը 2013թ. երրորդ եռամսյակում կթողարկվի ընկերության կողմից ստեղծված խիստ բարձր կետայնությամբ Retina էկրանով, հաղորդում է cnet.com-ը:


Թայվանական Economic Daily պարբերականի հաղորդմամբ, որը մեջբերում է ընկերության մատակարարների տեղեկությունները, Retina դիսփլեյով կթողարկվեն թե 11, թե 13 դույմ անկյունագծով մոդելները: Ի լրումն՝ նեթբուքերը կկառուցվեն Intel-ի նոր՝ Haswell հարթակի վրա:


Retina դիսփլեյը շարունակում է իր ուղին Apple-ի մի շարք մոդելների շարքում: Այն հայտնվեց MacBook Pro նոթբուքի վրա անցյալ տարի, ինչպես նաև տեղ գտավ iPhone-ում, iPod Touch-ում և վերջին սերնդի iPad-ում:

 

MacBook Air-ի՝ Retina էկրանով համալրումն ամենևին անակնկալ չէ: Այնուամենայնիվ Apple-ը դեռևս պաշտոնապես չի հայտարարել այլ մոդելների վրա այն կիրառելու իր ծրագրերի մասին:


Հիշեցնենք, որ այս պահին ընկերության կողմից առաջարկվող MacBook Air-ի գինը ԱՄՆ-ում կազմում է 999-1499 դոլար՝ կախված սարքի հզորության ցուցանիշներից:


Ի լրումն MacBook Air-ի բարելավման մասին տեղեկությունների, կորեական մեկ այլ զեկույցի համաձայն Apple-ի հաջորդ սերնդի iPad-ը լույս կտեսնի GF2 տեխնոլոգիայով էկրանով, ինչը ներկայում կիրառվողի առավել բարակ այլընտրանքն է, որն օգտագործվում է iPad Mini-ում: Այս դիսփլեյի կիրառումը Apple-ին թույլ կտա լիաչափ iPad-ի առավել բարակ տարբերակ ստանալ:
 

Apple MacBook Air-ը կհամալրվի Retina էկրանով