Amazon-ն աշխատանքից հեռացրել է նեոնացիստ անվտանգության աշխատակիցներին
Amazon համացանցային խանութի գերմանական մասնաճյուղը հրաժարվել է համագործակցել HESS Security անվտանգության ընկերության հետ, որը, ենթադրաբար, կապված է նեոնացիստական շարժման հետ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով BBC News-ին։
«Մենք անընդունելի ենք համարում խտրականության ցանկացած դրսևորում և նույնպիսի վերաբերմունք ենք ակնկալում բոլոր այն ընկերություններից, որոնց հետ համագործակցում ենք»,- նշել են Amazon-ում։
HESS Security ընկերությունը զբաղվում է ոչ թանկ հյուրանոցների անվտանգությամբ, որտեղ ապրում են ընկերության փաթեթավորման կենտրոնների ժամանակավոր աշխատակիցները (հիմնականում՝ ներգաղթյալներ)։
Փետրվարի 13-ին ARD հեռուստաընկերությունը HESS Security-ին նվիրված կես ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ է ցուցադրել, որում նշվել է այն մասին, որ ընկերությունը կապված է նեոնացիստական շարժման հետ։ Ֆիլմում ընկերության աշխատակիցներին մեղադրել են ներգաղթյալների նկատմամբ վատ վերաբերմունքի համար, որոնց անվտանգությունը նրանք պետք է ապահովեին։
Գերմանիայի իշխանությունները պահանջել են հետաքննություն անցկացնել։










