Օբաման ցանկանում է 3 մլրդ դոլարով ստեղծել մարդկային ուղեղի քարտեզը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը նպատակ ունի կյանքի կոչել բազմամիլիարդանոց մի ծրագիր, որի իրականացումը կտևի 10 տարի և հնարավորություն կտա ստեղծել մարդկային ուղեղի քարտեզը, հայտնում է Daily Mail-ը։
Ըստ The New York Times պարբերականի տվյալների՝ Brain Activity Map-ը («Ուղեղի ակտիվության քարտեզ») համագործակցելու հնարավորություն կընձեռի դաշնային գործակալություններին, մասնավոր հիմնադրամներին և առաջատար գիտնականներին։
Թանկարժեք նախագծի կողմնակիցները գտնում են, որ ամենայն խորությամբ ուսումնասիրելով ուղեղի նեյրոնները, հնարավորություն կստեղծվի հասկանալ մտավոր հիվանդությունների առաջացման պատճառները, դրանք բուժելու մեթոդներ մշակել և նույնիսկ արհեստական ուղեղ ստեղծել։ Սակայն նախագծի հակառակորդները չեն կիսում մյուսների ոգևորությունը՝ պատճառաբանելով, որ դա չափից ավելի ծախսատար է։
Մարդու ուղեղի գործունեության համապարփակ քարտեզն իր ձևաչափով շատ նման է 2003թ. ավարտված Human Genome Project-ին («Մարդկային գենոֆոնդի նախագիծ»), որում ներառվել են մարդու ԴՆԹ-ում եղած բոլոր գեները։ Այս ծրագրի իրագործումն արժեցել է 3,8 մլրդ դոլար։
Անցած շաբաթ Կոնգրեսում ունեցած ամենամյա ելույթի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ ուղեղի հետազոտության բնագավառը հենց այն ոլորտն է, որտեղ կառավարությունը պետք է ներդրումներ կատարի։










