Facebook-ը ներողություն է խնդրել 104-ամյա տատիկից՝ խտրականության համար

13:10 • 21.02.13

Facebook սոցիալական ցանցը ներողություն է խնդրել Միչիգանի (ԱՄՆ) 104-ամյա բնակչուհի Մարգարեթ Ջոզեֆից այն բանի համար, որ ծրագիրը խեղաթյուրել է նրա տարիքի վերաբերյալ տեղեկությունը, հայտնում է Правда-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։

 

Համակարգի սխալից բողոքել է կնոջ թոռնուհին՝ Գեյլ Մարլոուն։ Բանն այն է, որ Facebook-ը թույլ չի տվել տատիկին նշել իր իրական տարիքը։ Մարլոուն մի քանի անգամ գրանցել է տատիկի ծննդյան տարեթիվը՝ 1908թ.(նրա 105-ամյակը դեռ չի լրացել), սակայն սոցիալական կայքը, միևնույն է, փոխել է այն ծրագրով նախատեսված առավելագույն տարեթվով՝ 1928թ.։

 

104-ամյա օգտատերը կույր է և վատ է լսում, սակայն թոռնուհու օգնությամբ պատասխանում է բոլոր հաղորդագրություններին։ Մարլոուն նշել է, որ ուրախ կլիներ իր տատիկի էջում տեսնել նրա իրական տարիքը։

 

Facebook-ում արագ արձագանքել են օգտատիրոջ ցանկությանը։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Էնդրյու Նոյզը հայտնել է, որ կայքն աշխատում է համակարգի թերությունների վրա, որպեսզի մինչ 1910թ. ծնված օգտատերերը կարողանան նշել իրենց ծննդյան իրական թիվը։

 

Facebook-ը ներողություն է խնդրել 104-ամյա տատիկից՝ խտրականության համար